Մասնագետները Հայաստանում շինարարության միտումների մասին

08.02.2017

Հայաստանում շինարարության ծավալների նվազման միտումը շարունակվում է: Պաշտոնական վիճակագրության տվյալներով՝ 2016 թվականին շինարարության ոլորտում արձանագրվել է 10.8 տոկոս անկում: «Ժողովուրդ» օրաթերթին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ 36.5 տոկոսով նվազել է պետական բյուջեի միջոցներով իրականացվող շինարարությունը: Նկատենք, որ շինարարության մի մասը իրականացվում է նաեւ համայնքային բյուջեի միջոցներով, եւ, ահա, համայնքների միջոցների հաշվին իրականացվող շինարարությունը 2016 թվականի հունվար-դեկտեմբերին նվազել է 3.4 տոկոսով: Փոխարենը ավելացել է միջազգային վարկերով իրականացվող շինարարությունը՝ 27.2 տոկոսով: Մասնավորապես 28.5 տոկոսով ավելացել են Համաշխարհային բանկի, 38.9 տոկոսով՝ Ասիական զարգացման բանկի միջոցներով իրականացվող շինարարության ծավալները: Իսկ ահա Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջոցներով իրականացվող շինարարության ծավալները նվազել են ամբողջ 62.8 տոկոսով: Նվազել են նաեւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով իրականացվող շինարարության ծավալները՝ 30.5 տոկոսով: Հայ Առաքելական եկեղեցու կողմից հանգանակված միջոցներով իրականացվող շինարարության ծավալները եւս պաշտոնական վիճակագրության տվյալներով անկում են արձանագրել՝ 39.7 տոկոսով: Իսկ օտարերկրյա ներդրողների միջոցներով իրականացվող շինարարության ծավալները նվազել են կիսով չափ՝ 52.9 տոկոսով: Այս համապատկերում, թերեւս, չէր կարող բացառություն լինել բնակչության միջոցներով արվող շինարարությունը, որը եւս նվազել է 11.8 տոկոսով: Թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր, շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանի հետ: Մեր զրուցակիցը, անդրադառնալով խնդրին, նշեց. «Պատճառները բազմազան են եւ խորը: Պահանջարկ չկա: Ներդրողները պակասել են, հետեւաբար ոլորտում պատվերներ էլ չկան: Ներդրողներ են պետք, ինչի համար մեր կառավարությունը ամեն պայման ձգտում է ստեղծել: Բացի այս՝ սպառող է պետք: Նաեւ բնակչությունը բնականաբար չունի ֆինանսական միջոցներ»,- շինարարության ոլորտում արձանագրված անկման պատճառները թվարկեց Գալստյանը: Իսկ ահա տնտեսագետ Վարդան Բոստանջյանի համար նվազող այս ցուցանիշները օրինաչափ են, եւ միտումը արդեն մի քանի տարի է՝ տեսանելի: «Այս պահի դրությամբ մենք ոչ մի առաջընթաց չենք ունեցել, ավելին՝ շինարարության ոլորտում դեռեւս 2012 թվականից է անկման դինամիկան սկսել: Մի քանի շքեղ առանձնատները թող մեզ չշփոթեցնեն, ընդհանուր առմամբ, ինչպես արտադրական, այնպես էլ քաղաքացիական շինարարության առումով ՀՀ-ում վիճակը լավագույններից չէ: Մեր կառավարությունը առայժմ պայքարում է ֆինանսական ռեսուրսների հայթայթման ուղղությամբ ներդրումների կտրվածքով: Բայց մենք այնքան խնդիրներ ունենք արդյունաբերության, տնտեսության ճյուղերի զարգացման մասով, էներգետիկ ոլորտի հետ կապված, որ այս բոլորի հանրագումարով շինարարության վրա ուշադրություն սեւեռել չի ստացվի: Ես կարծում եմ, որ առաջիկա ժամանակահատվածում, տարիների ընթացքում, ամենայն հավանականությամբ, կունենանք նույն անկումային դինամիկան»,- կանխատեսեց տնտեսագետը: Մեր զրուցակցի պնդմամբ՝ Հայաստանում ազատ տնտեսական մրցակցություն գոյություն չունի, իսկ հարկային հարաբերությունների դաշտում կա խոցելիություն: «Բազմաթիվ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ կան, որոնցով պայմանավորված օտարերկրյա ներդրումները ռիսկ չեն անում մտնել Հայաստան կամ չեն գտնում ոլորտ, որտեղ կարելի է արդյունավետորեն տեղաբաշխել իրենց կապիտալը: Այս պարագայում կառավարության կողմից կատարվում են շատ ինտենսիվ քայլեր: Դրանք դեռեւս առարկայական չեն: Բայց ուզում եմ հավատալ, որ ինչ-որ մի ոլորտում դրական հանգուցալուծման կբերեն»,- նկատեց Բոստանջյանը: Հավելենք, որ շինարարության ծավալների նվազման հետ մեկտեղ նվազել են նաեւ շինարարության հարակից ոլորտի՝ շինանյութերի արտադրության ծավալները: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2016 թվականին Հայաստանում ցեմենտի արտադրության ծավալները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 35.8 տոկոսով նվազել են: Իսկ շինարարության ոլորտում անհրաժեշտ ապրանքատեսակի՝ գաջի արտադրության ծավալները նվազել են 23.5 տոկոսով: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/647630/ 
 

Առցանց վճարում

WIDE RANGE OF PAYMENT METHODS

Օգնությու՞ն է պետք Հարցրու մեզ

DO NOT HESITATE TO CONTACT US